Ռուսաստանի մահմեդականներին զայրացրել է հոլանդացի պատգամավորի ֆիլմի ցուցադրությունը չարգելելու որոշումը

17:26 • 08.04.08

Ռուսաստանի մահմեդականներն իրենց բողոքն են արտահայտել այն բանի կապակցությամբ, որ Հաագայի դատարանը հրաժարվեց արգելել հոլանդացի քաղաքական գործիչ Խեերտ Վիլդերսի նկարահանած «Ֆիտնա» ֆիլմի ցուցադրությունը, հայտնում է РИА-Новости-ին:

Ռուսաստանի մահմեդականների խորհրդի առաջին փոխնախագահ Դամիր Գիզատուլինի կարծիքով` դատարանի որոշումը պառակտում և անջատվածություն կմտցնի եվրոպական հասարակության շրջանում, քանի որ դատական գործընթացի նման ընթացքը անընդունելի է Եվրոպայի իսլամական հանրության համար:

Հյուսիսային Կովկասի մահմեդականների Կոորդինացման կենտրոնի նախագահ Շաֆիգ Պշիխաչևն առաջարկել է իսլամական պաշտոնական կազմակերպություններին միահամուռ կերպով բողոքել Վիլդերսի դեմ միջազգային դատարանում: Նրա կարծիքով` Հաագայի դատարանի որոշումը կարող է Հոլանդիայի հետ իսլամական աշխարհի տնտեսական հարաբերությունները ճգնաժաամի հանգեցնել: Սրա առնչությամբ Պշիխաչևը հիշեցրել է, որ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները մի քանի իսլամական երկրներում Դանիայից ներմուծվող ապրանքների դեմ բոյկոտի տեղիք տվեցին: