Պավարոտտիի վերջին համերգն անցել է ֆոնոգրամմայի ներքո

16:28 • 08.04.08

2006թ. Թուրինի ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը կայացած Լուչիանո Պավարոտտիի վերջին ելույթը մեծ բեմի վրա անցել է ֆոնոգրամմայի ներքո: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը`որպես աղբյուր ընդունելով դիրիժոր Լեոնե Մաջիերայի հրատարակած գիրքը:

Հանգուցյալ երգչի մամուլի քարտուղար Թերի Ռոբսոնը հաստատել է Մաջիերայի բառերը: Նա պարզաբանել է, որ Թուրինում այնքան ցուրտ էր, որ 70-ամյա երգչի առողջության համար վտանգավոր կլիներ երգել բացօդյա բեմի վրա:

2006թ. փետրվարին Պավարոտտին դեռ չգիտեր իր մահացու ախտորոշման մասին, սակայն ուժեղ ցավերը նրան հանգիստ չէին տալիս: Վատ ինքնազգացողության պատճառով նա չեղյալ էր համարել 2006թ. ապրիլին և մայիսին կայանալիք համերգները, հունիսին նրա մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ են հայտնաբերել, իսկ հուլիսին երգիչը վիրահատության էր ենթարկվել: