«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 4-րդ փառատոնը կանցկացվի ապրիլի 17-ից հունիսի 8-ը

18:23 • 14.04.08

Հայաստանում «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 4-րդ փառատոնը կանցկացվի ապրիլի 17-ից հունիսի 8-ը։ Ինչպես հայտնել է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնի հանդիսավոր բացմանը հանդես կգա Հայաստանի կամերային նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Արամ Ղարաբեկյանը։ Մենակատարը կլինի Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին` Իտալիայից։

Փառատոնի շրջանակներում ապրիլի 26-ին կկայանա համերգ «Լինոս» լարային քառյակի և Շվեյցարիայից ժամանած թավջութակահար Միքայել Հախնազարյանի մասնակցությամբ։ Մեծ Բրիտանիայից թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը հանդես կգա մայիսի 4-ին, համերգին կմասնակցի Կոմիտասի անվան լարային քառյակը։

«Նարեկացի» կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արամ Թալալյանի գլխավորությամբ, մայիսի 11-ին կներկայացնի համերգ` նվիրված Հայկական երաժշտական համաժողովին։

«Հայաստանի մենակատարներ» պետական նորաստեղծ անսամբլը ելույթ կունենա մայիսի 18-ին, անսամբլի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Զավեն Վարդանյանը։

Քսաներորդ դարի երաժշտության կատարումներ կներկայացնի «Նարեկացի» կամերային նվագախումբը մայիսի 24-ին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամին և ՀՀ նախագահի մրցանակաբաշխությանը նվիրված համերգ կկազմակերպվի մայիսի 26-ին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ` գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ։ Փառատոնի հանդիսավոր փակումը կկայանա հունիսի 8-ին` «Կադանս» անսամբլի ելույթով։