Հայաստանում ավարտվեցին «Պենդերեցկու օրեր»-ը

15:01 • 14.04.08

Հայաստանում ավարտվել են «21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակում ապրիլի 7-12-ն անցկացված «Պենդերեցկու օրեր»-ը։ Ապրիլի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «օրերի» եզրափակիչ համերգի դիրիժորն էր 3 գրեմմիի, 2 էմմիի մրցանակակիր, Կանի փառատոնի դասական և Գրավմեյերի երաժշտական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին։ Նշենք, որ հանրապետության երաժշտասեր հասարակությունը հնարավորություն է ունեցել նշված օրերին ունկնդրելու լեգենդար երաժիշտի ստեղծագործությունները նրա մասնակցությամբ և ղեկավարությամբ։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգի ընթացքում կատարել է Ք. Պենդերեցկու «Կոնչերտո Գրոսսո 3 թավջութակների և մեծ նվագախմբի համար» և «Սիմֆոնիա թիվ 2» («Սուրբ ծննդյան սիմֆոնիա») ստեղծագործությունները։ Մենակատարներն էին թավջութակահարներ Անջեյ Բաուերը` Լեհաստանից, Իվան Մոնիգետտին` Շվեյցարիայից և Արտո Նորասը` Ֆինլանդիայից։
Պենդերեցկուն և երաժիշտներին հանդիսատեսը ողջունել է հոտնկայս երկարատև ծափահարություններով։

«Օրեր»-ի ընթացքում 3 համերգ, այդ թվում` փառատոնի բացումը, տեղի են ունեցել Ա. Խաչատրյան համերգասրահում, 2 համերգ` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Փառատոնի շրջանակում ապրիլի 9-ին Ազգային պատկերասրահում ցուցադրվել է «Սարգոսում գտնված ձեռագիրը» ֆիլմը, որի երաժշտությունը գրել է Ք. Պենդերեցկին։

«Պենդերեցկու օրերին» մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել անվանի կատարողներ տասը երկրներից` Գրիգորի Ժիսլինը` Գերմանիայից, Արտո Նորասը` Ֆինլանդիայից, Միշել Լետիկը և Անդրե Կազալեն` Ֆրանսիայից, Իվան Մոնիգետտին` Շվեյցարիայից, Մասսիմիլիանո Դամերինին` Իտալիայից, Անջեյ Բաուերը և «Դաֆո» քառյակը` Լեհաստանից, Անդրես Մուստոնեն` Էստոնիայից։