Հռոմի Պապն ամաչում է կաթոլիկ քահանաների պահվածքի համար
Այսօր սկսվել է Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի առաջին այցը ԱՄՆ։
Բենեդիկտոս 16-րդը Վաշինգթոնի օդանավակայանում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, որ «խորին ամոթի զգացում է ապրում» ԱՄՆ հոգևորականության կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի համար։ Հռոմի Պապի կարծիքով` այս երևույթն արատավորել է կաթոլիկ եկեղեցու անունը։
«Թե´ ԱՄՆ եկեղեցու, թե´ ընդհանրապես եկեղեցու և թե´ անձամբ ինձ համար սա մեծ աղետ է»,- ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը։
«Ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչպես քահանաները կարող են երեխաների հետ այսպես վարվել։ Ես խորին ամոթ եմ զգում, և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի նման դեպքեր ապագայում այլևս չկրկնվեն»,- ասել է Հռոմի Պապը։
Նա հավաստիացրել է, որ մանկապիղծներն այլևս չեն կարող կաթոլիկ եկեղեցու քահանաներ դառնալ։
«Մենք մանկապիղծներին կբացառենք մեր սուրբ եկեղեցու շարքերից, քանի որ մեզ համար ավելի լավ է ունենալ լավ քահանաներ, քան մեծ քանակությամբ քահանաներ։ Մենք ամեն ինչ կանենք այս վերքը բուժելու համար»,- ասել է Պապ Բենեդիկտոս 16-րդը։
Նշենք, որ Հռոմի Պապը լրագրողների հետ խոսել է անգլերեն լեզվով և անմիջապես անդրադարձել է ԱՄՆ կաթոլիկների համար ցավալի հարցին։










