Լույս է տեսել Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիան և Հայաստանը. 1914-1918» ժողովածուի երկրորդ հատորը

11:22 • 16.04.08

«Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել գերմանացի հասարակական գործիչ, արևելագետ, աստվածաբանության դոկտոր Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիան և Հայաստանը. 1914-1918» դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուի երկրորդ հատորը։

Վերջինիս մեջ իմի են բերված գերմանացի դեսպանների, հյուպատոսների, դիվանագետների, զինվորականների գաղտնի զեկուցագրերը, որոնցում բացահատորեն դրսեւորված է թուրքական կառավարության վարած հակահայկական քաղաքականության ողջ էությունը։


Լեփսիուսը, ով 1914-1926-ին եղել է Գերմանահայկական ընկերության նախագահ, երկար տարիներ զբաղվել է նաև Հայկական հարցով։ Փաստեր հավաքելով Օսմանյան կայսրության մեջ հայերի ծանր դրության մասին` նա հրատարակել է նաև «Հայաստանը և Եվրոպան», «Տեղեկագիր հայ ժողովրդի կացության մասին Թուրքիայում» գրքերը։ 1921 թվականին Բեռլինում Ս. Թեհլերյանի դատավարության ժամանակ նա հանդես է եկել որպես վկա և մերկացրել է թուրք ոճրագործ Թալեաթ փաշային։

2008 թվականը Հայաստանում հռչակվել է Յոհաննես Լեփսիուսի տարի։