Երևանում բացվեց «Մշակութային եղեռն» խորագրով լուսանկարների ցուցահանդես
ԵՊՀ բակում «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ այսօր բացվեց «Մշակութային եղեռն» խորագրով լուսանկարների երկօրյա ցուցահանդես, որում ներկայացված են Արևմտյան Հայաստանում և Արդբեջանում գտնվող ու վանդալիզմի ենթարկված հայկական պատմաճարտարապետական, պատմամշակութային հուշարձանները։
«Այսօր Թուրքիան և Ադրբեջանն ամբողջ աշխարհի առաջ իրենց փորձում են ներկայացնել որպես «քաղաքակիրթ» պետություններ, որտեղ հարգվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, պահպանվում են միջազգային բոլոր նորմերը։ Սակայն այդ երկրներում հայկական պատմամշակութային կոթողների հանդեպ վանդալիզմի դրսևորումները վկայում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող ցանկացած այլ ժողովուրդներ և արժեքներ ենթակա են ոչնչացման»,- նշեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Վահե Սարգսյանը։
Նրա խոսքով` այդ ամենը Հայոց Մեծ եղեռնի շարունակությունն է։ Թուրքիան և Ադրբեջանը դեռևս օկուպացված են պահում Արևմտահայաստանը, Նախիջևանի մարզը և Շահումյանի շրջանը` վանդալիզմ ցուցաբերելով այս տարածքներում գոյություն ունեցող և համաշխարհային արժեք ներկայացնող հայկական հուշակոթողների նկատմամբ։ Հայկական ճարտարապետության այս «սպիտակ եղեռնի» նպատակն է ոչնչացնել այդ տարածքների հայկական լինելու փաստի նյութական վկայությունները։ Վ. Սարգսյանը կոչ արեց Ադրբեջանին և Թուրքիային իրերին նայել պատմական ճշմարտության լույսի ներքո, դադարեցնել հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացումները և վերոնշյալ տարածքների հայկական լինելու փաստի խեղաթյուրումը։
Ցուցահանդեսում ներկայացված են նաև Իրանում գտնվող հայկական պատմաճարտարապետական հուշաձանների լուսանկարները, որոնք վկայում են, որ հայկական մշակույթն այդ երկրում պահպանվում և քաղաքակիրթ պետությանը վայել վերաբերմունքի է արժանանում։
Նախատեսվում է լուսանկարները ցուցադրել նաև Հայաստանի այլ քաղաքներում։










