Հայաստանը կնշի Շիրվանզադեի 150-ամյակը

14:15 • 18.04.08

Հայաստանում այս տարի նախատեսվում են մի շարք միջոցառումներ` նվիրված Ալեքսանդր Շիրվանզադեի 150-ամյակին։ Ինչպես հայտնել են ակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումների կազմակերպման համար ստեղծվել է «Շիրվանզադե 150» կառավարական հոբելյանական հանձնաժողով։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ու Հայաստանի ազգային գրադարանում այսօր և վաղը կկազմակերպվեն Ալ. Շիրվանզադեին նվիրված միջոցառումներ, որոնց մասին Հանրային հեռուստատեսությունը կպատրաստի հեռուստահաղորդումներ։ Իսկ ապրիլի 19-ից Հանրային հեռուստատեսությունը կցուցադրի գրողի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերը` «Նամուս», «Քաոս», «Մորգանի խնամին», «Պատվի համար»։

Ալ. Շիրվանզադեի ծննդյան օրը` ապրիլի 19-ին, հոբելյանական հանձնաժողովը կայցելի Երեւանի Կոմիտասի անվան պանթեոն` գրողի շիրիմին, այնուհետև` նրա անվան հանրակրթական դպրոց, որտեղ տեղի կունենա գրողին նվիրված գրական-գեղարվեստական հանդիսություն։