Պաբլո Պիկասոյի կտավները կցուցադրվեն Չինաստանում

09:44 • 22.04.08

20-րդ դարի խոշորագույն նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվելու են լայն զանգվածներին անհայտ 12 նոր կտավներ, կայանալու է Չինաստանում ընթացիկ տարվա հուլիսին։ Մասնավորապես, ցուցադրվելու են վարպետի, նրա կնոջ և ընտանիքի անդամների ինքնադիմանկարները։ Ցուցահանդեսների շարքի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է Շանհայում, որտեղ ներկայացվելու են աշխարհահռչակ նկարչի՝ 1920-1973 թթ. ստեղծված նկարները, քանդակները, ուրվագծերը, կտավների ինքնատիպ սևագրերը։

Չինացի արվեստագետների կարծիքով՝ վերոնշյալ ցուցահանդեսը երկրի կարևորագույն մշակութային իրադարձություններից է։ Չինական մամուլի հաղորդմամբ՝ ցուցահանդեսների շարքի կազմակերպիչները Պիկասոյի արվեստի գործերի ընդհանուր արժեքը գնահատել են մեկ միլիարդ եվրո։ Բացի Շանհայից՝ նկարչի կտավները ցուցադրվելու են նաև Պեկինում, Գուանչժոյում և երկրի մյուս խոշոր քաղաքներում։