Վալմարի 60-ամյակը` Ազգային պատկերասրահում

16:44 • 23.04.08

Մայիսի 2-17-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում կհյուրընկալվի նկարիչ Վալմարի (Վալոդյա Մարգարյան) անհատական ցուցահանդեսը` նվիրված նրա 60-ամյա հոբելյանին: Պատկերասրահի 3 սրահներում ներկայացվելու է նկարչի մոտ 35 տարիների ստեղծագործական գործունեությունը:

Վալմարը ցուցադրվել է աշխարհի մոտ 40 երկրներում, նրա աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում` այդ թվում Տրետյակովյան պատկերասրահում: Հայաստանում Վալմարն այն փոքրաթիվ նկարիչներից մեկն է , ով ունի անհատական պատկերասրահ. այնտեղ ցուցադրում են նաև նրա նկարիչ դստեր գործերը:

Մեր այն հարցին, թե ինչու է, ի տարբերություն շատ այլ նկարիչների, նրա 60-ամյա հոբելյանը նշվում Ազգային պատկերասրահում, Վալմարը պատասխանեց, որ “ոչ ոք չունի իր կենսագրությունը”: Ցուցահանդեսը կազմակերպվել է Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

“Ես անկախությունից հետո 3-րդ վաստակավոր նկարիչն եմ, ու չեմ էլ զարմացել, որ Պատկերասրահում իմ անհատական ցուցահանդեսով է նշվելու ծննդյանս տոնը”, - ասաց նկարիչը:

Ազգային պատկերասրահի ցուցահանդեսի առնչությամբ Վալմարը հետաձգել է մեկ այլ հոբելյանական ցուցահանդես Միացյալ Նահագներում` նախընտրելով նախ հայրենակիցների առջև ամփոփել իր ստեղծագործական գործունեությունը: Նահանգներում Վալմարին կհյուրընկալեն սեպտեմբերին: