Կաննը առանց ռուսների, բայց Ատոմ Էգոյանի հետ
Չորեքշաբթի 61-րդ Կաննի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներ Ժիլ Ժակոբը և Տյերի Ֆրեմոն կազմել են կայանալիք փառատոնի պաշտոնական ծրագիրը։ Այս տարվա փառատոնը կկայանա մայիսի 14-ից 25-ը:
«Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու համար ընտրվել են 19 լիամետրաժ ֆիլմեր. այս անգամ մրցութային ծրագրում չկան ռուսական ֆիլմեր», - նշել են կազմակերպիչները:
«61-րդ Կաննի կինոփառատոնը կբացի զարգացման նոր շրջան և կորոշի մոտակա 10 տարիների ուղղությունը», - նշել է Ֆրեմոն:
Նրա խոսքերով`այս տարի ընտրական հանձնաժողովում ստացվել են ընդհանուր առմամբ 4025 ֆիլմեր 107 երկրներից. նրանցից ընտրվել են 54 լիամետրաժ և 26 կարճամետրաժ ֆիլմեր:
Լիամետրաժ ֆիլմերի շարքում մրցույթին ներկայացվել են Վիմ Վենդերսի «Սպանություն Պալերմոյում», իտալացի ռեժիսոր Մատեո Գառոնեի «Հոմորրա», թուրք ռեժիսոր Նուրի Բիլժ Ցեյլանի «Երեք կապիկներ», Էրնեստո Չե Գեվարայի մասին պատմող Սթիվեն Սոդերբերգի երկու մասից բաղկացած չորսժամանոց «Չե», ինչպես նաև ֆրանսիացի Առնո Դեպլեշենի «Սուրբ Ծնունդի հեքիաթ» ֆիլմերը:
Հայազգի կանադաբնակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը նույնպես այն 19 ռեժիսորների շարքում է, ովքեր հավակնում են արժանանալ մայիսին կայանալիք հայտնի ֆրանսիական փառատոնի Ոսկե արմավենուն:
Տորոնտոյում բնակվող Էգոյանի նոր ֆիլմը` «Երկրպագումը», պատմում է մի դեռահասի մասին, ով հավատում է, թե ինքը դատապարտված ընտանիքի զավակ է: Ֆիլմն անդրադառնում է նաև այն հարցին, թե ինչպես է այսօրվա երիտասարդությունը ինքնահաստատվում ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:
Փառատոնի վավերագրական ֆիլմերի շարքում ընդգրկվել է նաև Ռուսաստանը ներկայացնող Դիանա Մկրտչյանի GATA ֆիլմը։










