Մալևիչի հինգ կտավներ հանձնվել են նկարչի ժառանգներին

16:42 • 25.04.08

Ամստերդամի Stedelijk Museum թանգարանը Կազիմիր Մալևիչի ժառանգներին կհանձնի ռուս նկարչի հինգ կտավներ, հայտնում է Коммерсант-ը:

Ամստերդամի իշխանությունների նման որոշման մասին հայտարարվել է ապրիլի 24-ին թանգարանի շենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Մալևիչի ժառանգներին ներկայացնում էին նկարչի ծոռը` Եվգենի Բիկովը, և Իվոնա Մալևիչը:

Նկարների հանձնման մասին որոշումը համաշխարհային համաձայնության արդյունք է, որով ավարտվել է Կազիմիր Մալևիչի ժառանգների` 2004թ. նախաձեռնած դատավարությունը Stedelijk Museum-ի հետ: Նրանք կոլեկտիվ հայց էին ներկայացրել` պահանջելով իրենց հանձնել թանգարանում պահվող Մալևիչի բոլոր կտավները: Ըստ նրանց` 1958թ. Ամստերդամի քաղաքային թանգարանն անօրինաբար ձեռք էր բերել ռուսական ավանգարդի վարպետի 68 աշխատանքներ:

Արդյունքում` կողմերը որոշել են փոխզիջման գնալ. Stedelijk Museum թանգարանը նկարչի ժառանգներին կհանձնի թանգարանում գտնվող հավաքածուի լավագույն նմուշներ համարվող հինգ կտավները, մյուս կտավները կմնան Stedelijk Museum-ի տնօրինության տակ:

Փորձագետների կարծիքով` նշված հինգ կտավներից յուրաքանչյուրի արժեքը կազմում է առնվազն 20 մլն դոլար: