Հայ և թուրք երիտասարդները կհանդիպեն Կարսում

13:01 • 25.04.08

Մայիսի 16-19-ը Կարսում կհանդիպեն մի խումբ հայ և թուրք երիտասարդներ կամավորների փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում։

Նախաձեռնության հեղինակներն են Հայաստանից` Երիտասարդ կանանց ասոցիացիան, Թուրքիայից` Համայնքային կամավորության հիմնադրամը։

«Երիտասարդների դերը սոցիալական աշխատանքներումե խորագրով այս հանդիպման նպատակն է կամավորական աշխատանքի և մշակութային շփումների օգնությամբ սկսել երկխոսություն։ Նախատեսվում է նաև քննարկում հաղորդակցության և խաղաղության թեմաներով։

«Մեր կազմակերպությունը, ինչպես և մեր երկիրը, քաջալերում է հայ-թուրքական երկխոսությունը հատկապես երիտասարդների շրջանում։ Հույս ունեմ, որ մեր առաջին այս քայլը, վերջինը չի լինի», - նշել է Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը։

Նախաձեռնության նպատակներից է նաև հայ երիտասարդներին ծանոթացնել մեր պատմական հայրենիքին, կոտրել երկու ազգերի միջև գոյություն ունեցող կարծրատիպերը։

Ծրագրի ընթացքում վերանորոգվելու է Կարսի գյուղական համայքներից մեկի դպրոցը, մասնակցելու են նաև տեղացիներ։
Մասնակցության հայտերի ընդունումը կավարտվի մայիսի 5-ին, Հայաստանից կընտրվեն տարբեր բուհերի 20 ուսանողներ։