Երևանում բացվեց Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը

20:32 • 29.04.08

Երևանում բացվեց Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ «British Council» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ արդեն 7-րդ տարին է կազմակերպությունը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կազմակերպում են ֆիլմերի փառատոն։ Այս տարի ևս հայ հանդիսատեսին կներկայացվեն նախորդ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում համակրանքի և ճանաչման արժանացած, բազմաթիվ մրցանակներ ստացած ֆիլմեր։

Ավանդույթի համաձայն` ֆիլմերի ցուցադրումից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի բարեգործությանը, այն կհատկացվի երեխաների խնդիրներով զբաղվող մի կազմակերպության։ Փառատոնի շրջանակում մայիսի 2-ին միայն մանկատան երեխաների համար կցուցադրվի մուլտֆիլմ։

Փառատոնը կանցկացվի նաև Գյումրիում` մայիսի 6-11-ը։ Գյումրիում ֆիլմերը կցուցադրվեն «Հոկտեմբեր» կինոթատրոնում, տոմսերը տրամադրվում են անվճար։

Փառատոնի ժամանակ կցուցադրվեն ռեժիսոր Ջուլիան Ջարոլդի «Ջեյն Օսթին», Ջո Ռայթի «Քավություն», Վուդի Ալենի «Կասանդրայի երազը» կինոնկարները։

Անգլախոս հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու նաև «Նոթեր սկանդալի մասին» ֆիլմը, որի ռեժիսորն է Ռիչարդ Իերը, ռեժիսորներ Շեյն Մեդոուսի «Սա Անգլիան է» և Քեյվին Մաքդոնալդի «Շոտլանդիայի վերջին թագավորը» կինոնկարները։