Համալսարան` մեծ լոռեցու թանգարանում

19:00 • 29.04.08

12-15 տարեկան մի խումբ պատանիներ մայիսից մինչև դեկտեմբեր ուսանողի կարգավիճակ կստանան, քանի որ կսովորեն թանգարանային համալսարանում: Հովհաննես Թումանյանի թանգարանում համալսարան հիմնելու գաղափարը տնօրեն Նարինե Թուխիկյանինն է.

«Չէ՞ որ Թումանյանն իր 10 զավակներին միշտ ասում էր` մեր տունը Ձեզ համալսարան: Որոշեցինք նախաձեռնել թանգարանային համալսարան ու պատանիներին հնարավորություն տալ սովորել ավելին, քան տալիս է դպրոցը»:

Համալսարանի դասերը լինելու են ամենշաբաթյա հանդիպում-զրույցների ձևով, դասախոսները` տարբեր մասնագետներ: Առաջին դասի համար հրավիրվել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը` աստղագիտության դաս վարելու նպատակով:

Թանգարանային համալսարանը բաց է բոլորի համար` սահմանափակ տեղերով: Ուսուցումը վճարովի է, մասնակիցները դասի կգնան թանգարանի տոմսերով, որոնց արժեքն է 500 դրամ:

Դասընթացի ավարտին կտրվի համապատասխան վկայական` Թումանյանի կնիքով: