Նիյազովի արձանը կտեղափոխեն

16:07 • 03.05.08

Թուրքմենստանի առաջին նախագահ Սապարմուրատ Նիյազովի՝ դեռևս նրա կենդանության օրոք կերտված հարյուրավոր հուշարձաններից մեկը՝ Չեզոքության կամարը, նախագահական նստավայրի հրապարակից կտեղափոխվի մայրաքաղաքի հարավ։ Կամարի վերին մասում տեղադրված Թուրքմենստանի առաջին նախագահի արձանը Թուրքմենբաշու դարաշրջանի օրոք եղել է Աշխաբադի այցեքարտերից մեկը։

Հուշարձանի տեղափոխման մասին որոշումն ընդունվել է մայիսի 2–ին կառավարության նիստի ժամանակ։ Տեղափոխման փաստը կապված է այն հանգամանքի հետ, որ «մայրաքաղաքի հարավում սկիզբ է առնում կամարի համանուն պողոտան։ Հենց այստեղ էլ կառուցվում է նոր ճարտարապետական համալիր»։

Նիյազովը, ով հռչակվել էր որպես ցմահ նախագահ, Թուրքմենստանը կառավարել է 15 տարի։ 2006թ. դեկտեմբերին 67–ամյա քաղաքական գործիչը մահացել է սրտի անբավարարվածությունից։