Գտնվել է Վիվալդիի կորած օպերան
Անտոնիո Վիվալդիի՝ մինչ այսօր կորած համարվող Argippo օպերան, որը կոմպոզիտորը գրել էր հատուկ Չեխիայի մայրաքաղաքի համար, ապրիլի 3–ին կատարվել է Պրահայում։ Այս մասին տեղեկացնում է BBC News–ը։
Իտալացի հանճարեղ կոմպոզիտորի ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է Պրահայում 1730թ., սակայն այդ ժամանակվանից ի վեր օպերայի պարտիտուրան կորել է։ Բայցևայնպես, վերջերս նոտաները գտնվել են չեխ երիտասարդ կոմպոզիտոր և կլավեսինահար Օնդժեյ Մացեկի կողմից, ով հետաքրքրվում է երաժշտական արվեստի բացառիկ ստեղծագործություններով։ Երաժիշտի խոսքերով` ինքը ստիպված է եղել մեծ ջանքեր ներդնել կորած օպերան գտնելու համար, քանի որ նախկինում ենթադրում է գտնել միայն օպերային լիբրետո։
Մացեկը պարզել է, որ իտալացի երաժիշտների խումբը, ովքեր առաջին անգամ կատարել են Argippo-ն, պրեմիերայից անմիջապես հետո ժամանել է Գերմանիա։ Երաժիշտը ենթադրել է, որ իտալացիները կարող էին օպերայի պարտիտուրան տանել Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաք, որի թատրոնի շենքում էլ նրանց առաջարկվել էր ելույթ ունենալ Պրահայի օպերայի շենքի հրդեհից հետո։ Այստեղ նա գտել էր անանուն երաժշտական հավաքածու, որում էլ և հայտնաբերվել էին Argippo–ի որոշ արիաներ։
Բայցևայնպես, օպերայի մեկ երրորդ մասը Մացեկին չի հաջողվել գտնել, և նա ստիպված է եղել վերագրել ստեղծագործության չհայտնաբերված մասերը։ Համաձայն Մացեկի խոսքերի՝ դրա համար նա օգտվել է Վիվալդիի կողմից գրված այլ օպերաների արիաներից։










