Ֆրիդրիխ Շիլլերն անհետացել է գերեզմանից
Գերմանացի հայտնի գրող Ֆրիդրիխ Շիլլերի գանգը հետազոտող գերմանացի և ավստրիացի բժիշկների և հնէաբանների խումբը եկել է այն եզրակացությանը, որ այն պատկանում է մեկ այլ մարդու: ԴՆԹ-ի թեսթի արդյունքում պարզվել է, որ ևս մեկ գտնված գանգ, որը նույնպես ենթադրաբար կարող էր լինել Շիլլերինը, մեկ այլ մարդունն է, գրում է The Guardian պարբերականը:
AP գործակալության տվյալների համաձայն` վայմարյան գերեզմանում գտնվող Շիլլերի կմախքը կեղծիք է. այն բաղկացած է մի քանի տարբեր մարդկանց ոսկորներից: Թե որտեղ են գտնվում «Մարի Սթյուարտի» և «Վալենշթայնի» հեղինակի իրական մնացորդները, հայտնի չէ:
Ֆրիդրիխ Շիլլերը մահացել է 1805թ. և թաղվել է Վայմարի գերեզմանատանը: 1826թ. Վայմարի քաղաքապետը որոշել է պատվով վերահուղարկավորել գրողին, բայց գերեզմանը բացելուց հետո, այնտեղից դուրս են բերվել 23 գանգեր: Նրանցից ամենամեծը ենթադրաբար պատկանում էր Շիլլերին: 1911թ. բժիշկ Ավգուստ ֆոն Ֆրորիպը հասարակությանն էր ներկայացրել Շիլլերի ևս մեկ «իրական» գանգ: Ժամանակակից բժիշկները հետազոտել են երկու գանգերը` համեմատելով նրանց ԴՆԹ-ները Շիլլերի ազգականների` նրա քրոջ, որդու և թոռան ԴՆԹ-ների հետ, ինչպես նաև հենց Շիլլերի մազերի ԴՆԹ-ի օրինակների հետ: Բոլոր թեսթերը ցույց են տվել, որ մնացորդները պատկանում են տարբեր մարդկանց:
Հետազոտողների կարծիքով` չի բացառվում, որ Շիլլերի մնացորդները կարող էին գողացված լինել նրա գերեզմանից դեռ XIX դարում:










