Մեծ Բրիտանիան 119.000 ֆունտ է հատկացրել` դրամների դիզայնի համար
Բրիտանական նոր դրամների դիզայնը /դրանք շրջանառության մեջ կմտնեն ամռանը/ բավական թանկ է նստել երկրի ազգային գանձարանի վրա: Ընդհանուր առմամբ, այդ նպատակներով ծախսվել է 119.000 ֆունտ:
Այսպես, նշված գումարից 35.000-ը տրամադրվել է հայտարարված մրցույթի հաղթողին մրցանակ շնորհելու համար: Մրցույթին մասնակցողները պետք է առաջարկեին դիզայնի իրենց տարբերակը: Ընդհանուր առմամբ, ներկայացվել էր մոտ 4 հազար նախագիծ:
1, 2, 5, 10, 20 և 50 պենս անվանական արժեքով դրամների դիմային կողմը փոփոխության չի ենթարկվել. այստեղ կրկին պատկերված է թագուհու կիսադեմը: Իսկ ահա ռեվերսին այժմ ներկայացված կլինեն բրիտանական կառավարող տան զինանշանի տարբեր հատվածները: Այսպիսով, երկրի թագավորական դրամահատարանի ղեկավարության խոսքերով, կընդգծվի "պատմության ու արդի մշակույթի միավորումը": Վերջին անգամ մետաղադրամների դիզայնի փոփոխություն Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել հեռավոր 1971 թվականին:










