Ծաղկաձորում կանցկացվի Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն

15:46 • 06.05.08

Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի թատերական գործիչների միության և ազգային թատերական ստեղծագործական միավորման հետ համատեղ, Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը կանցկացնի Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն։ Փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ փառատոնն անցկացվելու է 2 տարին մեկ։

Այս տարի փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել մնջախաղի ժանրին պատկանող թատրոններ Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Ի դեպ, արդեն հայտեր են ստացվել 2010թ-ին կայանալիք փառատոնին մասնակցելու համար։ Փառատոնին կմասնակցեն նաև Հայաստանում գործող մնջախաղի թատրոններ, թատերախմբեր և այլ ուղղվածության թատրոններ` մնջախաղի ժանրին պատկանող ներկայացումներով։ Մասնակիցները 5 օրերի ընթացքում` ցերեկային ժամերին Ծաղկաձորի փողոցներում, իսկ երեկոյան` փառատոնի բացօթյա բեմում կներկայացնեն իրենց արվեստը։