Ըստ Լ. Սարգսյանի` «Չսերտած դասեր» ցուցահանդեսը արվեստագետների արձագանքն է իրականությանը
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացված «Չսերտած դասեր» ցուցահանդեսը արվեստագետների արձագանքն է իրականությանը։ Նման կարծիք է հայտնել Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղի անդամ, ցուցահանդեսի համադրող Լիլիթ Սարգսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում` նշելով, որ ցուցահանդեսի միջոցով նրանք փորձում են ավելի գլոբալ խնդիրներ բարձրացել` որոշակի դիրքորոշում ունեցող մտավորականների անունից։ «Մենք ուզում ենք ասել, որ բարդ ու բազմաշերտ մշակութային իրականության մեջ կա մտավորականների և արվեստագետների մի խումբ, որն անտարբեր չէ մեր իրականության հանդեպ»,- նկատեց նա։
«Չսերտած դասեր»-ը կազմակերպվել է արվեստագետներ Նարինե Զոլյանի և Հարություն Զուլումյանի, երգահան Վահան Արծրունու համահեղինակությամբ։ Ն. Զոլյանի խոսքով, նրանք նպատակ ունեն արվեստի լեզվով ձայն բարձրացնել, արձագանքել մեր իրականությանը, երկրում ստեղծված իրավիճակին։ Այն կարելի է նաև գեղարվեստական ահազանգ համարել։
«Ցուցահանդեսը նաև միտում ունի հայրենիքում առավել լայն հանրային ճանաչման արժանացնել այս արվեստագետներին, ովքեր, որտեղ էլ որ լինեն, միշտ ելնելով հայ իրականության դասերից, ունիվերսալ համամարդկային արժեքներից են խոսում և կոլեկտիվ գիտակցության հարցեր բարձրացնում»,-ավելացրել է Լ. Սարգսյանը։
«Չսերտած դասեր»-ով փորձ է արվում նաև հնչեցնել այն հարցը, որ լիարժեք չէ հաղորդակցությունը հասարակության և արվեստի միջև։ Ստեղծագործողների կարծիքով պակասում է նաև ժամանակակից արվեստի լուսաբանումը։ Ըստ նրանց` ևս մեկ խնդիր է այս ոլորտի վերաբերյալ գիտելիքների պակասը, կա կրթական բարեփոխումների կարիք։
Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը։ «Չսերտած դասեր»-ը բացվել է մայիսի 5-ին, կշարունակվի մինչև այս ամսվա 18-ը։










