Մոսկվայում բացվել է Հայ մշակույթի առաջին միջազգային փառատոնը
Մոսկվայում այսօր բացվել է Հայ մշակույթի առաջին միջազգային փառատոնը։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողներին հայտնել է, որ «Կարոտ» կոչվող փառատոնի շրջանակներում կանցկացվեն համերգներ, ցուցահանդեսներ, գրողների հետ հանդիպումներ, կինոցուցադրումներ եւ նույնիսկ հայկական խոհանոցի մրցույթ։ Փառատոնը կդառնա ամենամյա։
«Նման միջոցառումները միավորում են ժողովուրդներին, դրանք կարեւոր են ոչ միայն Ռուսաստանի հայերի, այլև բոլոր ռուսաստանցիների համար»,- նշել է Արա Աբրահամյանը։
Փառատոնի շրջանակներում, որը կտևի մինչև մայիսի 19-ը, այսօր Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանում բացվել է ժամանակակից հայ նկարիչների ցուցահանդես, իսկ երեկոյան կկայանա հանդիպում գրողներ Անդրեյ Բիտովի, Կիմ Բակշիի և Ջովանի Գուայտայի հետ։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ վաղը Արմեն Ջիգարխանյանի թատրոնում կկայանա Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան։ Պիեսը պատմում է Սողոմոն Թեհլերյանի դատավարության մասին։
Փառատոնի գլխավոր իրադարձությունը Կրեմլի պալատում մայիսի 15-ին կայանալիք գալա-համերգն է լինելու։ Նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքում կբացվի Առնո Բաբաջանյանի հուշատախտակը։










