Թանգարանային գիշեր Հայաստանում

14:25 • 14.05.08

Այս տարի արդեն 4-րդ անգամ հայաստանյան թանգարանները կմիանան միջազգային տոնին ու հատուկ միջոցառումներով կնշեն թանգարանային գիշերը: Մայիսի 17-ին թանգարանները կաշխատեն առավոտից մինչև գիշերվա ժամը 1:00-ը, ու բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան անվճար մուտք գործել արվեստի օջախներ:

Եվրոպայի 40 երկրների մոտ 2000 թանգարանների շարքում հայաստանյան մի շարք թանգարաններ կմիանան միջազգային թանգարանային “բաց դռների գիշերվան”:

Այդ առթիվ, օրինակ, փայտարվեստի թանգարանում կբացվի “Ծաղկած փայտ” խորագիրը կրող ցուցահանդես: Մեկ այլ ցուցադրություն կսկսվի Ժողովրդական արվեստի թանգարանում` մասնակցությամբ 3 վարպետների` Վ. Տերունու, Ս. Սահակյանի և Ռ. Մուրադյանի: Իսկ Հովհ. Թումանյանի թանգարանում ժամը 22-ից կկազմակերպվի հատուկ խաղ-մրցույթ այցելուների համար: Ազգային պատկերասարահում էլ թանգարանային գիշերվա գլխավոր հերոսները կլինեն երևանյան թատրոններն իրենց կերպարներով: