Կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը

10:45 • 15.05.08

Այս տարի 5-րդ անգամ մայիսի 30-ից մինչև հունիցի 6-ը կանցկացվի Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որը նախաձեռնել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և «Ա. Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։

2003թ-ից անցկացվող միջազգային մրցույթն ամեն տարի հերթականությամբ նվիրվում է մի գործիքի` դաշնամուր, ջութակ, թավջութակ։ 5-րդ մրցույթը ջութակահարների միջև է լինելու։ Մասնակցում են 16-30 տարեկան 16 ջութակահարներ Հայաստանից և արտերկրից։ Ժյուրիի նախագահը Կոմիտաս քառյակի առաջին ջութակահար Էդվարդ Թադևոսյանն է։

Կատարողական արվեստի միջազգային այս մրցույթը նախորդ տարիների նման կավարտվի հունիսի 6-ին` Արամ Խաչատրյանի ծննդյան օրը անկացվող գալա համերգով ու մրցանակաբաշխությամբ։ Առաջին 3 տեղերը զբաղեցնող մասնակիցները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներից բացի կստանան նաև դրամական մրցանակներ` համապատասխանաբար 15, 10 և 5 հազար ԱՄՆ դոլար։ 3-րդ փուլ հասած, բայց մեդալի չարժանացած մասնակիցները կստանան խրախուսական մրցանակ` 2հազար ԱՄՆ դոլար։

Բոլոր համերգներն անցկացվելու են Արամ Խաչատրյան համերգասրահում։