Հարգանքի տուրք` Գոհար Գասպարյանի հիշատակին

16:49 • 17.05.08

Աշխարհահռչակ երգչուհի, «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի մահվան տարելիցի կապակցությամբ այսօր հարգանքի տուրք մատուցվեց երգչուհու հիշատակին` նրա շիրիմին այցելությամբ։

Կոմիտասի անվան պանթեոնում հանգչող երգչուհու շիրիմին ծաղիկներ դրեցին նրա հարազատները, ընկերները, երկրպագուները։ Գ. Գասպարյանի` այսօր բացված հուշաքարի մոտ ջերմ խոսքեր ասվեցին նրա`վառ անհատականության և անկրկնելի տաղանդ ունեցող արվեստագետի մասին։

«Մտածում եմ, թե դեռ քանի՞ հարյուրամյակ անց մենք կրկին կունենանք նման երգչուհի»,-նշեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը։

Երաժշտագետ, պրոֆեսոր Արաքս Սարյանը հիշեց երգչուհու մասին ասված «Նա ոչ թե աստղ էր, այլ մի ողջ համաստեղություն» խոսքերը։ «Ամենակարևորը` իր արվեստը, Գ. Գասպարյանը ներկայացնում էր մեծագույն հաճույքով և կարողանում էր իր զգացածը փոխանցել բոլորին։ Նրա հանդեպ մեր ամենամեծ պարտքը պետք է լինի այն, որ Գոհարն ընդգրկվի համաշխարհային ամենահայտնի վոկալիստների շարքում»,-նշեց Ա. Սարյանը։

«Գ. Գասպարյանի կորուստը շատ մեծ էր բոլորիս համար։ Բոլորիս պարտքն է բարձր պահել նրա անունը։ Պարտավոր ենք անել ամեն ինչ երգչուհու հիշատակը վառ պահելու համար»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։