Բրիտանական հրեա-ռեֆորմիստները սկսել են Աստծուն անվանել չեզոք սեռով

17:05 • 19.05.08

Շարժում հանուն հուդայականության բարեփոխումների կազմակերպության՝ բրիտանական հրեաների համար նախատեսված նոր աղոթագրքում Աստծուն անվանում են չեզոք սեռով, գրում է The Times-ը:

Բացի այդ, աստվածաշնչյան կանայք, ինչպիսիք են Սառան և Ռաքելը, նոր գրքում նույքան ուշադրության են արժանացել, որքան տղամարդիկ: Աղոթագրքի հրատարակմանը զուգահեռ՝ հրապարակվել են կազմակերպության կողմից անցկացված հարցումների արդյունքները, որոնք վկայում են այն մասին, որ Մեծ Բրիտանիայի բնակչության կեսից քիչը կարծում են, որ Աստված արական սեռին է պատկանում: Քրիստոնեաների շրջանում նման կարծիք ունեցողները կազմում է 75 տոկոս:

Տասը բրիտանացիներից վեցը համոզված են, որ կրոնը խտրականություն է դնում սեռական պատկանելության մեջ, այնուամենայնիվ, երեքից երկուսը կարծում են, որ ժամանակակից կյանքում տեղ կա հավատքի համար: Հարյուր բրիտանացիներից ընդամենը մեկն է կարծում, որ Աստված իգական սեռի ներկայացուցիչ է, բայց տասից վեցը համոզված չեն, որ ճիշտ է Աստծուն անվանել արական սեռով: