Երևանում կբացվի Էմիլ Գազազի ցուցահանդեսը
Մայիսի 23-ից Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի նկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազի ցուցահանդեսը: Արվեստաբան Հենրիկ Իգիթյանի բնորոշմամբ՝ Էմիլ Գազազն իր արվեստում միաձուլում է արևմտաեվրոպական և հայ միջնադարյան մշակույթների միտումները, անհամատեղելին միավորում է միանգամայն նոր հարթության մեջ: 2007թ-ին Ֆլորենցիայի Բիենալեում Գազազն իր քանդակների համար արժանացել է «Մեդիչի» գլխավոր մրցանակին:
Էմիլ Գազազի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Գյումրիի ճարտարապետության և քաղաքաշինության թանգարանում, ինչպես նաև ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Երևանում Գազազի գործերը ցուցադրվում և վաճառվում են «Արամե» պատկերսարահում, որն էլ նախաձեռնել է այս ցուցահանդեսը:
Գյումրիում ծնված արվեստագետն ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան արվեստի ուսումնարանը, ապա Գեղարվեստի ակադեմիան, իսկ 1981թ-ից հաստատվել և մինչև օրս ապրում ու ստեղծագործում է Լոս Անջելեսում:










