Երևանում հյուրախաղերով հանդես կգա «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը
Երևանում հյուրախաղերով հանդես կգա «Պյոտոր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը այաստանում ռուսական մշակույթի օրերի միջոցառումների շրջանակներում մայիսի 21-28-ը Երևանում հյուրախաղերով հանդես կգա մոսկովյան «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը։
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ռուսական թատերախումբը մայիսի 23-ին եւ 24-ին կցուցադրի Լ.Տոլստոյի` «Ոսկե դիմակի» եռակի մրցանակակիր «Պատերազմ և խաղաղություն։ Վեպի սկիզբը։ Տեսարաններ» ներկայացումը, իսկ մայիսի 26-ին և 27-ին Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` նույն հեղինակի «Ընտանեկան երջանկություն» նեկայացումը։ Բեմականացումները պատրաստելու համար Մոսկվայից Հայաստան են բերվել դեկորացիաներ։
Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի թատերական գործիչերի միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ռուսական այս թատրոնի ներկայացումները Երևանում իրապես թատերական մեծ տոն է Հայաստանի թատերարվեստի սիրահարների համար։
«Ֆոմենկոյի թատրոնի այս երկու շատ հանրահայտ ներկայացումները շատ սիրելի են ռուս հանդիսատեսի համար։ Կարծում եմ, Հայաստան ժամանած թատերախմբի ներկայացումներն այստեղ եւս մեծ ոգեւորությամբ կընդունվեն»,- ասաց նա։
Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովն իր խոսքում կարեւորեց ռուսական հանրահայտ թատրոնի հյուրախաղերով հանդես գալը` նշելով, որ սա այն հերթական միջոցառումներից է, որն անցկացվում է երկու երկրների միջեւ այս տարի իրականացվող մշակութային համագործակցության ծրագրում։ Սեպտեմբերին նախատեսվում է հյուրախաղերով Երեւան բերել նաեւ Գալինա Վիշնեւսկայայի մշակությաին դպրոցի սաներին, ինչպես նաեւ` Ռուսական երիտասարդական ակադեմիական թատրոնին եւ Վոլկովի անվան Յարոսլավի դրամատիկական թատրոնին։
«Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» մոսկովյան թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը նշեց, որ այս ներկայացումներում ընդգրկել են հիմնականում երիտասարդ դերասանների, մասնավորապես` թատերական ինստիտուտի շրջանավարտներին։ Ներկայացումները, նրա դիատարկմամբ, բավականին բարդ են, մանավանդ «Պատերազմ և Խաղաղությունը», սակայն դերասանների վարպետության եւ տաղանդի շնորհիվ հնարավոր է լինում ներկայացումներն ըստ պատշաճի ներկայացնել։
«Հայաստանն այն երկիրն է, որտեղ թատրոնն ապրում է շատ վաղուց, իսկ հասարակությունը գնահատում եւ սիրում է թատերավեստը։ Մենք հույս ունենք, որ մեր ներկայացումները կգոհացնեն հայ հանդիսատեսին, իսկ թատերական կյանքում մեր այս հյուրախաղերը կդառնան մեր միջև մշակութային նոր երկխոսության սկիզբը»,- ավելացրեց նա։
Այն հարցին, թե որն է 15-ամյա թատրոնի` Ռուսաստանում և արտերկորում այդքան մեծ հաջողություն ունենալու գաղտնիքը, դերասանուհի Գալինա Տյումինան պատասխանեց, որ հաջողության գաղտնիք չունեն, ուղղակի իրենք անում են այն, ինչ հոգեհարազատ ու սիրելի է իրենց, խաղում են հոգով ու մեծ նվիրումով։ Իսկ իրական գաղտնիքը, հավանաբար, ընտրված հեղինակն է։ «Երևանյան թատրոններում կխաղանք Լեւ Տոլստոյի երկու գործերից, որոնք լրիվ տարբեր են իրարից, սակայն երկուսն էլ սիրված են հանդիսատեսների ու ընթերցողների կողմից»,- ասաց նա։ Դերասանուհին ավելացրեց, որ Ֆոմենկոյի թատրոնը «խոսքի, գրքի թատրոն» է, իրենց ներկայացումների սցենարները վերցնում են անմիջապես գրքից, այսինքն` կապը գրքի ու ներկայացման միջեւ բավական մեծ է, իսկ թատրոնի դերասանի համար դաստիարակիչ նշանակություն ունի։










