Հայաստանի գրողների միության պատվիրակությունը Վրաստանում կմասնակցի մշակութային միջոցառումների
Հայաստանի գրողների միության պատվիրակությունը՝ նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ, մայիսի 24-ին կմեկնի Վրաստան` մասնակցելու մինչև 29-ը կայանալիք մշակութային միջոցառումների։ Հայկական պատվիրակությունը Թբիլիսիում, Գորիում և Բաթումում կհանդիպի վրացի գրողների և ընթերցողների հետ։
Լ.Անանյանի խոսքերով՝ 10 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում կլինեն նաև բանաստեղծներ Լևոն Բլբուլյանը, Իգնատ Մամյանը, Գագիկ Դավթյանը, ինպես նաև երիտասարդ ստեղծագործողներ։ Լ.Անանյանը համոզված է, որ երիտասարդների մասնակցությունն անհրաժեշտ է, քանի որ նրանց միջոցով է հնարավոր դառնալու հետագայում հայ-վրացական մշակութային կապերի պահպանումը։
Վրաստանի Հովհաննես Աբելյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում մայիսի 24-ին կնշվի մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի «Վերնատան» 110 և Թբիլիսիի հայ գրողների միության նոր «Վերնատան» 10-ամյակները։
Հայ գրողները կմասնակցեն նաեւ ամեն տարվա մայիսի վերջին կիրակի օրը նշվող Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված ավանդական սայաթնովյան «Վարդատոնին»։
Մայիսի 26-29-ը Վրաստանում կանցկացվի հայ պոեզիայի փառատոն, կկայանա ժամանակակից հայ պոեզիայի վրացերեն անթոլոգիայի շնորհանդեսը։ Ի դեպ, Հայաստանում 2007թ-ին տպագրվել է վրացական ժամանակակից պոեզիայի անթոլոգիան հայերենով։










