Կաննում հայերը մրցանակի չարժանացան
Ավարտվեց ֆրանսիական Կանն քաղաքում անցկացվող կինոաշխարհի ամենաազդեցիկ փառատոնի 2008-ի շքերթը։ Մրցութային ծրագրերում ընդգրկված 3 հայազգի մասնակիցները` Ատոմ Էգոյանը, Դիանա Մկրտչյանը և Արման Թադևոսյանը, մրցանակի չարժանացան։
Կաննի 61-րդ փառատոնի գլխավոր մրցանակը` Ոսկե արմավենին, այս տարի հանձնվեց ֆրանսիական ֆիլմի։ Սա ֆրանսիական կինոյի առաջին նման մրցանակն էր 1987թ. հետո։ ։ Լոռան Կանտեի «Պատերից ներս» (“Entre les murs”) նկարահանված է եղել Ֆրանսուա Բեգոդոյի ստեղծագործության հիման վրա։ Ֆիլմը բացահայտում է ժամանակակից ֆրանսիական հասարակության սոցիալական դրաման, գործողությունները զարգանում են փարիզյան դպրոցներից մեկում։
Կաննի Grand Prix-ն բաժին հասավ իտալացի ռեժիսոր Մատտեո Գառոնեի «Գոմոռա» աշխատանքին։
Կանն 2008-ի լավագույն ռեժիսոր ճանաչվեց Նուրի Բիլժ Սեյլանը «Երեք կապիկ» ֆիլմի համար։
Լավագույն դերասանի պարգևը ստացավ Բենիսիո Դել Տոռոն, ով Սթիվեն Սոդերբերգի 4 ժամանոց "Չե" ֆիլմում մարմնավորել էր Էռնեստո Չե Գեվառային:
«Ես ցանկանում եմ այս մրցանակը նվիրել հենց իրեն՝ Չե Գեվառային», – ասել է Դել Տոռոն՝ պարգևը ստանալուց հետո։
Չնայած այս մրցանակին, ֆիլմը, ընդհանուր առմամբ, բավական սառն ընդունելության արժանացավ: Լավագույն կին դերասան է Ճանաչվել Սանդրա Կորվելոնին, ով նկարահանվել է «Անցումի գիծը» ֆիլմում:
Կինոյի զարգացման գործում ունեցած ներդրման համար հատուկ մրցանակի արժանացան Կատրին Դենյովն ու Կլինտ Իստվուդը։










