Կաննում Էգոյանն արժանացել է Էկումենիկ ժյուրիի մրցանակին
Կաննի 61-րդ փառատոնին ներկայացված Ատոմ Էգոյանի «Երկրպագում» ֆիլմն արժանացել է Էկումենիկ ժյուրիի մրցանակի, որը կարելի է համարել խրախուսական մրցանակ, որ սահմանվում է Էկումենիկ միջազգային ժյուրիի կողմից։ Վերջինս կազմված է աշխարհի տարբեր եկեղեցիներ ներկայացնող անկախ անդամներից, ովքեր հանդիպում են կոնկրետ փառատոնի ժամանակ և ֆիլմերը դիտելուց հետո ընտրում իրենց կարծիքով ամենաարժանի աշխատանքը, որին էլ հանձնվում է մրցանակը։ Էկումենիկ ժյուրին սովորաբար ուշադրության է արժանացնում հոգևոր, սոցիալական, գեղարվեստական ու համամարդկային խնդիրներ առաջ քաշող ֆիլմերին։
Էկումենիկ ժյուրին Կաննում առանձնացրել է Ատոմ Էգոյանի «Երկրպագումը»՝ ընդգծելով ժապավենի արտահայտած հոգևոր արժեքները։ Այս մրցանակին կանադահայ ռեժիսորն արժանացել էր նաև 1997թ-ին, երբ Կաննի փառատոնին էր ներկայացրել իր «Երջանիկ ապագա» աշխատանքը։
«Երկրպագում» ֆիլմը դրամա է նորագույն տեխնոլոգիաների և, մասնավորապես, ինտերնետի օգնությամբ իր ինքնությունը վերստեղծող պատանու մասին, առնչվում է նաև ահաբեկչության և մշակութային արժեքների թեմաներին։










