Կաննում ծիրանի օղի են խմել և հայկական ուտեստներ ճաշակել
Կաննի կինոփառատոնի շրջանակներում մայիսի 23-ին տեղի է ունեցել «Ոսկե Ծիրան» հայկական միջազգային կինոփառատոնի շնորհադեսը։ Կաննի փառատոնային Կրուազետ փողոցում` հայազգի բարերար Ռայմոնդ Եզեգելյանի տանը հավաքվել են կինոաշխարհի մի շարք հեղինակություններ։
«Ոսկե Ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի նախագահ Ատոմ Էգոյնն ու տանտերը հյուրերին ծիրանի օղի և Կաննի հայկական ռեստորանում պատրաստված հայկական ուտեստներ են հյուրասիրել։
Շնորհանդեսին ներկա գտնված հայաստանցի գործիչները հավատացնում են, որ ընդունելությունը ջերմ է եղել, թեև փառատոնում Հայաստանը, ի տարբերություն օրինակ Վրաստանի և Ուկրաինայի, պաշտոնական տաղավար չի ունեցել, քանի որ ֆրանսիական հանրահայտ փառատոնում առանձին տաղավար ունենալու մասին պետք է պետությունը հոգար։
Կաննի կինոփառատոնում արդեն հայտնի 3 հայ անուններից բացի, մրցույթից դուրս ցուցադրվել է նաև Վրեժ Քասունու “Գուցե սեր, գուցե...” աշխատանքը, որի գլխավոր դերում հանդես է եկել ֆրանսահայ բարերարի դուստրը` Անուշ Եզեգելյանը, ով այժմ Երևանում է։ Կաննում իր նախագիծն է ներկայացրել նաև երիտասարդ պրոդյուսեր Արմինե Աբրահամյանը։










