«Ոսկե ծիրան» կինոփառատոնը 5 տարեկան է
Հուլիսի 13-20-ը «Ոսկե Ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի 5-րդ անգամ։ Փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել մոտ 400 ֆիլմեր աշխարհի ավելի քան 65 երկրներից։ «Ոսկե Ծիրան»-ը կմեկնարկի Ռոման Բալայանի «Դրախտի թռչունները» ֆիլմով, իսկ փառատոնի փակումը կազդարարի Կաննում էկումենիկ ժյուրիի մրցանակին արժանացած Ատոմ Էգոյանի «Երկրպագում» ֆիլմի ցուցադրությունը։
Այս տարի հայկական փառատոնի ավանդական մրցույթներից բացի, «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում կանցկացվի նաև տարածաշրջանային մրցույթ, հետահայաց ցուցադրություններում տեղ կգտնեն իրանցի անվանի ռեժիսոր Դարիուշ Մեհրջուի և Միքելանջելո Անտոնիոնիի աշխատանքները;
Սարոյանական տարվա շրջանակներում «Ոսկե ծիրան»-ի Հարգանքի տուրք նոր ծրագրում կընդգրկվեն Վ. Սարոյանի կինոսցենարիների և ստեղծագործությունների հիման վրա տարբեր երկրներում նկարահանված ֆիլմերը։ Փառատոնի կազմակերպիչնրը նշեցին, որ հնարավորության դեպքում Հայաստան կբերեն նաև ամերիկահայ գրողի նկարահանած միակ ֆիլմը։
«Ոսկե Ծիրան»-ի և Եվրախորհրդի համագործակության արդյունքում հուլիսի 18-ին կանցկացվի «Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» միջազգային գիտաժողովը։
Երևանյան պրեմիերաներ ծրագրում կընդգրկվեն Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի, Վիմ Վենդերսի և Գորան Պասկալևիչի վերջին աշխատանքները։
Փառատոնի շրջանակներում կտոնվի նաև Արտավազդ Փելեշյանի 70–ամյակը, իսկ Համահայկական կինոնախագծի շրջակներում հայ կինոգործիչները կքննարկեն հայկական կինոյի զարգացման հեռանկարները։










