Նարեկացի արվեստի միության կենտրոնում տեղի կունենա Հայաստանի բնապահպանական խնդիրների վերաբերյալ ֆիլմերի ցուցադրություն

17:32 • 03.06.08

Հունիսի 4-ին Նարեկացի արվեստի միության կենտրոնում տեղի կունենա Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմանադրամի և «Արևորդի» տարածաշրջանային բնապահպանական փառատոնի շրջանակներում նկարահանված ֆիլմերի ցուցադրություն։

Ինչպես հաղորդել է Նարեկացի արվեստի միության կենտրոնից, 12-16 տարեկան երեխաների և պատանիների նկարահանած ֆիլմերը ներկայացնում են Հայոց բնաշխարհի գեղեցկությունը` նկատելով ու վերհանելով նաև այն խնդիրները, որոնց պատճառով կարող է և խաթարվում է բնության ներդաշնակությունը։ Ֆիլմերը նկարահանվել են 2007թ.-ին ` որպես բնապահպանական-կրթական ծրագրի մի մաս։ Ֆիլմերի թվում են`
«Գծերից այն կողմ» /19 րոպե, Գյումրի էկո-ակումբ/, «Ողջաբերդ» /8 րոպե, Գառնի, Գողթի էկո-ակումբ/, «Օղակից ներս» /16 րոպե, Դիլիջանի էկո-ակումբ/։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, 2006-ից սկսած Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «Արևորդի» էկո ակումբներ է հիմնել Գյումրիում, Երևանում, Ուրծաձորում, Գառնի/Գողթում և Դիլիջանում։ Այս նախագծի հաջող ու արդյունավետ իրականացումը, դրական արդյունքերը խթանեցին կազմակերպիչներին ընդլայնել իրենց ձեռքբերումները և ցանցի տեսքով բնապահպանական ծրագիրը տարածել, և այս տարվանից արդեն նոր էկո-ակումբներ կգործեն ողջ Հայաստանի տարածքում` ընդգրկելով նաև Արցախը։ Նոր ու ընդգրկուն էկո-ակումբների ստեղծումը ենթադրում է ավելի շատ դպրոցականների ներգրավում նախագծում և հետևաբար մեծաթիվ ու որակյալ ֆիլմերի պատրաստում։