Հայաստանում հյուրախաղերով հանդես կգա «Կրեմլյովսկի բալետ» ռուսական թատրոնը

11:51 • 04.06.08

Հայաստանում հունիսի 10-12-ը հյուրախաղերով հանդես կգա «Կրեմլյովսկի բալետ» ռուսական թատրոնը։ Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, թատրոնը «Ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում Ռուսաստանի օրվա կապակցությամբ հունիսի 12-ին հանդես կգա Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 

Ռուսական թատրոնի այցը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի ու կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջև մշակույթի բնագավառում 2006-2008 թ.թ. համագործակցության մասին ծրագրի շրջանակներում։

«Կրեմլյովսկի բալետ» թատրոնի ավագ բալետմայստերն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եկատերինա Մաքսիմովան, գլխավոր տնօրենները` Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Անդրեյ Պետրովը և Պյոտր Շաբոլտայը։

Գալա-համերգին կմասնակցեն Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Նատալյա Բալախնիչևան, Այդար Շայդուլինը, Ինեսա Բիքբուլատովան, միջազգային և համառուսաստանյան մրցույթների դափնեկիրներ Միխայիլ Մարտինյուկը, Ալիյա Խասենովան եւ ուրիշներ։ Համերգի ընթացքում կներկայացվեն հատվածներ Պ. Չայկովսկու «Քնած դշխուհի», «Կարապի լիճ», «Մատնաչափիկ», Պունիի «Էսմերալդա», «Կարնավալ Վենետիկում», Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետներից և այլ պարային բեմադրություններ։