Մարսելում գտնվել են Բրեյգելի և Մոնեի գողացված կտավները
Մարսելում հունիսի 4-ին հայտնաբերվել են 2007թ. օգոստոսին Նիցցա քաղաքի Գեղարվեստի թանգարանից գողացված չորս կտավները, հայտնում է AFP-ն:
Խոսքը գնում է Յան Բրեյգելի «Ջրի այլաբանություն» և «Հողի այլաբանություն» կտավների մասին, ինչպես նաև Ալֆրեդ Սիսլիի «Բարդիների արահետը Մորեում» և Կլոդ Մոնեի «Դյեպի պահեստները» կտավները:
Ոստիկանությունը նաև ձերբակալել է մոտ 10 մարդու, ովքեր հավանաբար մասնակցություն են ունեցել հանցագործությանը:
Հիշեցնենք, որ կողոպուտը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին` կեսօրին: Թանգարան են ներխուժել հինգ զինված անձինք դիմակներով: Սպառնալով զենքով` նրանք ստիպել են անձնակազմին պառկել հատակին: Տիրանալով նկարներին` կողոպտիչները փախուստի են դիմել` երկուսը մոտոցիկլով, երեքը` ավտոմեքենայով:










