Կեղծիքների վարպետը բացել է իր ցուցահանդեսը

15:02 • 09.06.08

Հին վարպետների նկարերի հայտնի պատճենողներից մեկը` հոլանդացի Խեերտ Յան Յանսենը, բացել է իր` բնօրինակներից գործնականում չտարբերվող պատճենների ցուցահանդեսը, հայտնում է AFP-ն:

1994թ. Յանսենը ձերբակալվել էր Ֆրանսիայում, սակայն նրան այդպես էլ մեղադրանք չէր ներկայացվել. ոչ մի ցուցահանդես կամ մասնավոր կոլեկցիոներ չի խոստովանել, որ գնել է նկարչի կեղծումներից մեկը:

Յանսենը հաջողությամբ կեղծել է բնանկարներ երեսուն տարիների ընթացքում: Նա պատճենում էր և որպես բնօրինակ էր ներկայացնում Պիկասոյի, Մատիսի, Մագրիտի, Դալիի, Շագալի, Միրոյի նկարները:

Թեև Յասենը դադարել է վաճառել իր աշխատանքները, նա նախկինի պես հեգնանքով է խոսում իր արվեստի մասին:

«Երբ երաժիշտը նվագում է Բախի սոնատան, նրան ծափահարում են: Երբ ես վերարտադրում եմ Պիկասոյի սոնատան, ինձ ձերբակալում են», – ասել է Յանսենը։