Սերժ Սարգսյանը ընդունեց Ռոդիոն Շչեդրինին
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մեծանուն կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինին, նրա տիկնոջը` բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայային և աշխարհահռչակ երաժիշտ Դավիդ Գերինգասին։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Նրանք Հայաստան են ժամանել «21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակում Շչեդրինյան օրերին մասնակցելու նպատակով։ Ողջունելով մշակույթի անվանի գործիչներին` Հանրապետության նախագահն ասել է, որ նրանք իրենց բացառիկ տաղանդի շնորհիվ Հայաստանում մեծ ժողովրդականություն են վայելում։ Սերժ Սարգսյանը Շչեդրինյան օրերը համարել է մեր երկրի երաժշտական կյանքում մեծ իրադարձություն, և նշել, որ այն հայ երաժշտասեր հանրությունը հնարավորություն կտա ևս մեկ անգամ հաղորդակից լինել մեծանուն կոմպոզիտորի գործերին։
Ռոդիոն Շչեդրինը և Մայա Պլիսեցկայան մեծ բավականությամբ են խոսել հայաստանյան իրենց տպավորությունների մասին` ընդգծելով, որ Հայաստանը իրենց կյանքի մի մասնիկն է, որի հետ կապված ենք շատ խորն ու անկեղծ զգացմունքներով, և ջերմ հիշողություններով։ Նրանք սիրով են հիշել իրենց վաղեմի ընկերներ Արամ Խաչատուրյանին, Առնո Բաբաջանյանին, նշել, որ տեսել են Առնո Բաբաջանյանի հուշարձանը և հիացած են այդ աշխատանքով։










