Հունիսի 21-ին` երաժշտության տոն նաև Երևանում
Հունիսի 21-ին Հայաստանն արդեն 2-րդ անգամ կմիանա Երաժշտության միջազգային տոնին` Fete De La Musique։ Այդ օրը Երևանի տարբեր հաստատություններում ու նաև փողոցներում կհնչի կենդանի երաժշտություն` տարբեր ժանրերում։ Մայրաքաղաքի կենտրոնի տարբեր հատվածներում նախատեսված է ջազ համերգ, ռոք համերգներ տեղական խմբերի մասնակցությամբ` «Բամբիռ», «Ռեինկարնացիա», «Հայ Լաո», «Դոգմա», «Սթրայֆ» և ուրիշներ, նաև դասական երաժշտություն, հայկական ֆոլք, առանձին ֆրանսիական երգեր։
Երաժշտության տոնը սկիզբ է առել Ֆրանսիայում 1982թ-ին, երբ տարվա ամենաերկար ցերեկ ունեցող օրը փողոց դուրս եկան պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ երաժիշտներ ու բացօթյա կենդանի համերգով տոն պարգևեցին մարդկանց։
Երևանում Երաժշտության տոնն անց է կացվում Մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությամբ։










