«Համահայկական կինոնախագիծ» ֆորումը 2 նոր ֆիլմի հիմք կդնի

17:50 • 18.06.08

Հուլիսի 14-19-ը «Ոսկե Ծիրան» 5-րդ փառատոնի շրջանակներում կկայանա «Համահայկական կինոնախագիծ» ֆորումը, որի նպատակն է միավորել Հայաստանում և արտերկրում ստեղծագործող հայազգի կինոգործիչներին։ Քննարկումների ընթացքում կմշակվեն 2 համահայկական կինոնախագծեր` խաղարկային և վավերագրական, որոնք հիմք կդռանան 2009թ-ին դրանք նկարահանելու ֆիլմերի վերածելու համար։

Ֆիլմերը կներառեն մի խումբ ռեժիսորների հեղինակած տարբեր մասեր, որոնք բոլորը կմիավովեն 1 գաղափարի շուրջ։

Խաղարկային կինոնախագիծը կղեկավարի կանադահայ ռեժիսոր, «Ոսկե Ծիրան»-ի նախագահ Ատոմ Էգոյանը, կինոգործիչները կհամախմբվեն տուն գաղափարի շուրջ, տունը` որպես հայրենիք։

Վավերագրական կինոնախագծի աշխատանքային խումբը կգլխավորի «Ոսկե Ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոգործիչների մտահղացումները կմիավորվեն հող գաղափարի շուրջ։ Հարություն Խաչատրյանը նշեց, որ անձամբ մեծ ցանկություն ունի մասնակցել նաև ապագա ֆիլմի նկարահումներին։

Արդեն մասնակցության առաջարկներ ենարվել ինչպես տեղացի, այնպես էլ արտերկրի հայազգի մի շարք ռեժիսորների։ Նախագծին գուցե մասնակցի նաև Հարավային Աֆրիկայում աշխատող ազգությամբ հայ կին ռեժիսոր Շիրին Անդերսոնը, ով դեռ նախորդ տարի Հայաստանում նկարահանել է «Չարենց որոնելիս» ժապավենը։

Կինոքննադատ Դավիթ Մուրադյանի խոսքով, «անգամ եթե մենք ունենք միջազգային փառատոն, բայց չունենք կինոարտադրություն, ուրեմն չունենք սեփական ստորագրություն և շատերին պարզապես չենք հետաքրքրի։ «Համահայկական կինոնախագիծը» կօգնի «Ոսկե Ծիրան»-ը դարձնել մի հարթակ, որտեղ կսկսվի կայուն կինոարտադրություն», - հույս հայտնեց Դավիթ Մուրադյանը։

«Համահայկական կինոնախագիծ» ֆորումը իրականացվում է Մշակույթի նախարարության հետ համատեղ։