Մինաս Ավետիսյան – 80. միջոցառումները սկսված են
2008թ-ը հոբելյանական է նաև անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի համար, ով կդառնար 80 տարեկան։ Այդ առթիվ միջոցառումների շարք են նախաձեռնել Մշակույթի նախարարությունը և Ազգային պատկերասրահը։ Նախատեսվում է կազմակերպել հետահայաց ցուցահանդես, որում կընդգրկվեն աշխատանքներ պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի, ընտանեկան և մասնավոր հավաքածուներից, կհրապարակվի նոր ալբոմ, նորովի կկազմակերպվի նաև Ջաջուռում Մինասի տուն-թանգարանի ցուցադրությունը։
Մինասի տարեդարձին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են «Մինասն իմ մեջ» խորագրով նկարչական մրցանակաբաշխությամբ, որ կայացել է հունիսի 13-ին Ջաջուռում նկարչի տուն-թանգարանում։ Նկարչական մրցույթին մասնակցել են մի խումբ աշակերտներ, ովքեր ներկայացրել են Գյումրու Ս.Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը, «Ժան և Ալբեր Պողոսյանների» արվեստի դպրոցը, «Պիոներ պալատ» արտադպրոցական կենտրոնը, Ջաջուռի Մինաս Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի նկարչական խմբակը, Ազատանի, Ամասիայի, Մարալիկի և Մարմաշենի արվեստի դպրոցները։ Երեխաները պատկերել են իրենց պատկերացրած Մինասը, լավագույն աշխատանքները մրցանակների են արժանացել։










