Սարոյան սցենարիստը կներկայացվի «Ոսկե Ծիրան»-ում
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն ու Մշակույթի նախարարությունը համատեղ այս տարի փառատոնի օրերին կանցկացնեն Վիլյամ Սարոյանի 100 ամյակին նվիրված ամբողջական ծրագիր։ Այն կներառի ֆիլմերի ցուցադրություններ, որոնք նկարահանվել են Սարոյանի սցենարների հիման վրա։ Մասնավորապես, կցուցադրվի 3 հոլիվուդյան ֆիլմ, որոնք հայկական փառատոնում ներկայացնելու հարցում աջակցել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, սարոյանագետ Տիգրան Գույումճյանը։ Նա ներկա կլինի փառատոնին, նաև հանդես կգա հատուկ դասախոսությամբ սարոյանական ֆիլմերի և կինոարվեստին անվանի գրողի առնչությունների մասին։
«Ոսկե Ծիրան»-ի հյուրն այս տարի կլինի Վիլյամ Սարոյանի եղբորորդին` ռեժիսոր Հենք Սարոյանը, ով կներկայացնի իր կարճամետրաժ «Մաղադանոսի այգին» աշխատանքը։
Փառատոնի բացառիկ ցուցադրություններից է Վիլյամ Սարոյանի նկարահանած միակ ֆիլմը` 10 րոպեանոց «Լավ գործը»։
«Ոսկե Ծիրան»-ի օրերին տեղի կունենա նաև «4 տեսլիք. Սարոյանը և Հոլիվուդի դերասանուհիները» գրքույկի շնորհանդեսը, որն ընդգրկում է աշխարհահռչակ դերասանուհիներ Լիլիան Գիշի, Գրետա Գարբոյի, Միրիամ Հոփքինսի և Մերիլին Մոնրոյի մասին Սարոյանի էսսեները, որոնք հավաքել է կինոգետ Արծվի Բախչինյանը։










