«Մարդկային կատակերգություն»-ը սցենար էր, որ Օսկար բերեց Սարոյանին
Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» հանրահայտ վեպն ի սկզբանե եղել է կինոսցենար, որ 1941թ-ին ամերիկահայ գրողին պատվիրել էր Metro Goldwyn Mayer կինոստուդիայի տնօրեն Լուիս Մեյերը` Ճապոնիայի դեմ մղված պատերազմի ցնցումից տառապող ամերիկացիներին բարոյապես գոտեպնդելու համար։
Սարոյանը գրում է «Մարդկային կատակերգությունը», որը Մեյերը գնում է 60 հազար ԱՄՆ դոլարով։ Գրողը մեծ ցանկություն ուներ նաև անձամբ բեմադրել իր գործը։ Կինոստուդիայի տնօրենին իր ռեժիսորական հնարավորությունները ցուցադրելու համար կարճ ժամանակում նկարահանում է 10 րոպեանոց մի ֆիլմ` կոչելով այն «Լավ գործը»։ Աշխատանքը դիտելուց հետո, սակայն, Մեյերը որոշում է «Մարդկային կատակերգության» ռեժիսուրան վստահել Քլարենս Բրաունին։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Միքի Ռունին և Ֆրենք Մորգանը։
1943թ-ին Սարոյանը լույս ընծայեց «Մարդկային կատակերգություն» վեպը։ Նույն տարվա ընթացքում նա Օսկարի արժանացավ լավագույն կինոսցենար անվանակարգում։ Այդ տարի «Մարդկային կատակերգություն» ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի էր ներկայացվել նաև լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն կինեմատոգրաֆ և լավագույն դերասան անվանակարգերում։
«Լավ գործը» կարճամետրաժ ֆիլմով սկսվեց և ավարտվեց Սարոյան ռեժիսորի կարիերան։ Ժապավենն այն մասին է, որ սիրով արված ցանկացած գործը չի կարող վատը լինել, ֆիլմի գլխավոր հերոսը մի նպարավաճառ է, որ 10 րոպեների ընթացքում շփվում է նաև մի հայ գաղթականի հետ։ Վերջինս մի դրվագում երկար հայերեն է խոսում` «Լավ գործը» դարձնելով Հոլիվուդի առաջին ֆիլմը, որի ընթացքում հայերենն է հնչում։
«Մարդկային կատակերգություն» և «Լավ գործը» ֆիլմերը կցուցադրվեն «Ոսկե Ծիրան»-ի «Սարոյան-100» ծրագրի ընթացքում` հուլիսի 13-20-ը։










