Թաթոսի անհատական հոբելյանական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում

02:32 • 20.06.08

Գեղանկարիչ Թաթոսը (Հրանտ Թադևոսյան) 70 տարեկան է։ Այդ կապակցությամբ Ազգային պատկերասրահում բացվել է նրա անհատական հոբելյանական ցուցահանդեսը։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում արտահայտել է արվեստի ինչպես ֆիգուրատիվ, այնպես էլ վերացական մտածողության ձևեր, որոնք ներկայացված են ցուցահանդեսում։

“Կտավը պետք է ծնվի ինքնին։ Ձեռքը պիտի աշխատի ինքն իրեն, ամեն ինչ պետք է ենթարկվի ներքին մղումին։ Ես, նկարելիս, աշխատում եմ ինքս ինձ չխանգարել”, - ասում է Թաթոսը։

Խոսելով Թաթոսի արվեստի մասին` Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանն ասել է.

“Հրանտի ցուցահանդեսներից ստացած տպավորությունն անձրևից հետո օզոնի ներգործություն է ունենում. համատարած թարմություն և մաքրություն”։

Հրանտ Թադևոսյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1991թ-ից հետո մի շարք անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր։ Նկարչի գործերը պահվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներով։