Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ պետությունների միջազգային թատերական փառատոն
«Ոսկե դիմակ» ազգային թատերական փառատոնը, ԱՊՀ պետությունների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի հետ համատեղ, 2009թ. գարնանը Մոսկվայում կանցկացնեն ԱՊՀ երկրների միջազգային թատերական փառատոն։ ՌԴ թատերական գործիչների միության կողմից սահմանվել է ազգային թատերական «Ոսկե դիմակ» մասնագիտական մրցանակ թատերաշրջանում թատերարվեստի բոլոր լավագույն աշխատանքների համար։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունից, ԱՊՀ պետությունների թատերական միջազգային փառատոնը միտված է դառնալու լուրջ ներկայացուցչական թատերական համաժողով` համախմբելով տարածաշրջանի առավել ակնառու, վառ ու հետաքրքիր բեմադրություններն ու բեմի նվիրյալներին։ Փառատոնի նպատակը ԱՊՀ երկրների թատերական հյուրախաղերի աշխարհագրության ընդլայնումը, թատերախմբերի ու թատերական գործիչների միջեւ ստեղծագործական ու պրոֆեսիոնալ կապերի զարգացումն է։
Փառատոնին ներկայացվող բեմադրությունների ընտրության համար ստեղծվել է ռուսաստանյան առաջատար թատերական քննադատների փորձագիտական խորհուրդ։ Փորաձագետներն ընտրությունը կկատարեն 2006-2008թթ. ստեղծված աշխատանքների տեսագրությունների ու տեղերում անցկացվող դիտումների արդյունքում։ Մասնակցելու համար հայտատու թատրոնները մինչև 2008թ. հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեն բեմադրության ամբողջական տեսագրությունը VHS կամ DVD տարբերակով, ծրագիրը, նաեւ ներկայացման մասին մամուլի հրապարակումներն ու հնարավոր այլ հետաքրքիր նյութեր։










