Նյու Յորքի հայկական պարախմբի տարեդարձը Երևանում
Հուլիսի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի բեմ կբարձրանա Նյու Յորքի ս. Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախումբը՝ տոնելու իր 15–ամյակը։ Խումբ ստեղծվել է 1992թ-ին, բայց «Շուշի» անվանվել է 1995-ից՝ ի պատիվ Շուշիի ազատագրման 3-րդ տարեդարձի։ Խմբի 110 պարող-պարուհիները հիմնականում ամերիկահայ երիտասարդներ են, գեղարվեստական ղեկավարը՝ պարուսույց Սեդա Պասկալյան-Քանդարջյանը։
Երևանյան համերգին կմասնակցեն խմբի 50 անդամները, ինչպես նաև վոկալիստներ Հերմինե Ամիրյանը, Հովիկ Գրիգորյանը, Արմեն Հովհաննիսյանը, Սոսիե Մարտիրոսյանը, Սալպի Մայիլյանը, ասմունքող Անահիտ Իշկանյանը։ Ելույթ կունենա նաև Երևանի «Վահագն» հարվածային խումբը` Արազ Օրդինյանի ղեկավարությամբ։
«Շուշի»-ի հոբելյանական համերգին աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։










