«Եվրոպական համայնապատկեր»-ից մինչև «Արաբական գիշերներ» «Ոսկե Ծիրան»-ում
«Ոսկե Ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնը, որ տեղի կունենա հուլիսի 13-20-ը, հագեցած է արտամրցութային ծրագրերով։ Դրանցից այս տարվա համար նորություն են «Եվրոպական համայնապատկեր»-ը և «Արաբական գիշերներ»-ը։ Առաջինի շրջանակներում հայ հանդիատեսը կմասնակցի ֆրանսիական, հոլանդական, գերմանական կինոյի օրերի Երևանում։
«Արաբական գիշերներ» արտամրցութային ծրագիրը կինոսեր հանդիսատեսին կմատուցի ֆիլմեր Պաղեստինից, Սիրիայից և Եգիպտոսից։
Կլինեն նաև «Հետահայաց ցուցադրություններ», որոնք կներառեն մեծանուն պարսիկ կինոռեժիսոր Դարիուշ Մեհրջուի, Եվրոպական կինոակադեմիայի նախագահ, գերմանացի անվանի կինոռեժիսոր Վիմ Վենդերսի, ֆրանսիացի ճանաչված կինոռեժիսոր Կատրին Բրիյայի ֆիլմերը։ Ի դեպ, Վիմ Վենդերսը և Կատրին Բրիյան այս տարվա պատվավոր հյուրերի շարքում են։
Այս տարի նաև «Հարգանքի տուրք» կմատուցվի իտալացի հանրահայտ ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիին։ Այդ առթիվ Երևան կժամանի Անտոնիոնիի այրին։
Դե իսկ նախորդ տարիներից ավանդական դարձած «Երևանյան պրեմիերաներ»-ը կներկայացնի ամերիկացի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Երիտասարդություն` առանց երիտասարդության» և սերբ ռեժիսոր Գորան Պասկալևիչի «Լավատեսները» աշխատանքները։
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնը կբացվի Ռոման Բալայանի «Դրախտի թռչունները» ֆիլմով, իսկ փակման րարաողությունից առաջ կցուցադրվի Ատոմ Էգոյանի «Երկրպագություն»-ը։










