“Չե՞ս պարի ինձ հետ” սարոյանական ներկայացումը Պրահայի մրցույթում
Պրահայում մեկնարկել է “Ապոստրոֆ – 2008” միջազգային 10-րդ հոբելյանական թատերական փառատոնը, որին մանսակցում է նաև Էդգար Էլբակյանի անվան “Արիոն” թատրոնը “Չե՞ս պարի ինձ հետ” ներկայացմամբ։ Հայկական թատրոնն ընտրվել է փառատոնին հայտ ներկայացրած մի շարք երկրների 70 թատերախմբերից և ընդգրկվել լավագույն 10-նյակում։
“Չե՞ս պարի ինձ հետ” ներկայացման հեղինակը Արմեն Էլբակյանն է, ով հիմնվել է Վ. Սարոյանի “Սովյալները”, “Ձեր կյանքի ժամանակը” և “Ցուրտ օրը” ստեղծագործությունների վրա։ Գործողությունները զարգանում են երկու տարբեր միջավայրերում չորս տարբեր հերոսների միջև, սակայն հիմնականում ծավալվում են նախկին անբարոյական կնոջ՝ Քիթի Դյուվալի շուրջ, ով սիրո միջոցով կարողանում է հասնել մաքրագործման։ Ներկայացման մեջ հանդես են գալիս Արմեն և Աննա Էլբակյանները։
“Չե՞ս պարի ինձ հետ”-ը փետրվարին ներկայացվել էր նաև Բուդապեշտի “Առկուսֆեստ” միջազգային փառատոնին, որտեղ Արմեն Էլբակյանը մրացանակի է արժանացել տղամարդու լավագույն դերի համար։
“Ապոստրոֆ – 2008” փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 2-ը։










