Մեկ քսակ ոսկի լավագույն հեքիաթասացին

09:54 • 02.07.08

Հովհ. Թումանյանի թանգարանը նախաձեռնել է հեքիասացության փառատոն «Երկնքից 3 խնձոր ընկավ…» խորագրով։ Փառատոնի նպատակն է վերակենդանացնել հայ բանահյուսության վաղեմի ավանդույթները, նպաստել բանավոր խոսքով սերնդեսերունդ փոխանցվող հեքիաթների, էպոսների, ասքերի ու առասպելների պահպանմանը։ Քանի որ Թումանյանն ինքը ժամանակին փորձել է հավաքել ու գրի առնել բանավոր խոսքում տարածված պատումները, հիմա նրա անվան թանգարանն է ստանձնել այդ առաքելությունը՝ այն տարբերությամբ, որ բանավոր պատումները հավաքվելու և նկարահանվելու են։

Հեքիաթասացության մրցույթի մասնակիցները պետք է պատմեն իրենց հեքիաթը և գուցե մրցույթի արդյունքում արժանանան «Թագավորի ավագ տղի (աղջկա)» մրցանակին, որն է 1 քսակ ոսկին կամ 200 հազար դրամը։ Կա նաև 2-րդ և 3-րդ մրցանակ՝ 1 քսակ արծաթի (150 հազար դրամ) և 1 քսակ մարգարտի (100 հազար դրամ) ձևով։

Բանավոր հնչած հեքիաթները տեսահոլովակ կդառնան և սեպտեմբերին հատուկ ցուցադության ժամանակ կմրցեն միևնույն անվանակարգերում։

Հեքիաթների հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է։