Հայկական Փոքր թատրոնի մեծ հաջողությունը գերմանական փառատոնում
Հունիսի 19-22-ը Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնը մասնակցել է Գերմանիայի Ռուդոլշտատ քաղաքում կայացած Մանկապետանեկան թատրոնների առաջին միջազգային փառատոնին «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացմամբ և մեծ հաջողություն է ունեցել։ Որպես մանկապատանեկան փառատոն` մրցանակներ սահմանված չեն եղել, բայց Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման բեմադրիչ Վահան Բադալյանի խոսքերով՝ իրենք հատկապես աչքի են ընկել, քանի որ Օֆելյայի մասին հեքիաթը բավական ծանոթ է եվրոպացիներին, քանի որ հեղինակը գերմանացի է, բացի այդ, նրանց նաև շատ է դուր եկել հայ պատանիների խաղը։
Նախնական ընտրության արդյունքում փառատոնին մանսակցելու հնարավորություն են ստացել 6 երկրների թատերախմբեր` Հայաստան, Ռուսաստան, Լեհաստան, Խորվաթիա, Չեխիա և Գերմանիա։
Հայ պատանիների հաջողության մասին են վկայում նաև «Ֆանտաստիկ» անունը կրող մանկապատենական փառատոնի բոլոր ազդագրերն ու տեղեկատվական բուկլետները, որոնք ձևավորված են հենց հայկական ներկայացման լուսանկարներով։
«Օֆելյայի ստվերների թատրոնը» վիզուալ ներկայացում է` ըստ Մ. Էնդեի համանուն հեքիաթի, պատմում է թատրոնի ծեր հուշարարի մասին, ով իր տանն ապաստան է տալիս բոլոր միայնակ ստվերներին։
Առաջիկայում Փոքր թատրոնը կմասնակցի մի քանի այլ փառատոնների Իռլանդիայում, Ռուսաստանում և Մակեդոնիայում։ Նախատեսում են գալիք տարի Գերմանիա մեկնել նոր բեմադրությամբ։










